Արարատ Միրզոյան. Մինսկի խումբը կա, պարզապես այս պահին սառեցված է
Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիա-ն, այս մասին նա ասել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք չենք կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դրանք երբեմն ներքին հակասություններ ունեն»,- ասել է ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանը պնդում է՝ ոչ միայն Մինսկի խումբը գոյություն չունի, այլեւ Լեռնային Ղարաբաղ ու ԼՂ հակամարտություն գոյություն չունի.
«Մինսկի խումբը դեռեւս անելիքներ ունի՝ կապված ԼՂ հայերի անվտանգության եւ իրավունքների խնդիրների լուծման հետ»:
Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին ասել է, որ Մինսկի խմբի աշխատանքը ներկայում սառեցված է, սակայն կարող է համապատասխան հանգամանքներում վերականգնվել։
«ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբին։ Կազմակերպությունը տեղյակ է իր աշխատանքի վերաբերյալ որոշ կողմերի տարբեր տեսակետներին, ինչպես նաեւ փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքներին, համանախագահների միջեւ հարաբերությունների դինամիկային եւ համատեղ աշխատանքի բացակայությանը։
Մինսկի խմբի աշխատանքն այս պահին սառեցված է, բայց չեմ կարող հերքել, որ ՄԽ ձեւաչափը կարող է անհրաժեշտ լինել համապատասխան պայմանների առկայության դեպքում: Կազմակերպությունն ունի բազմաթիվ այլ գործիքներ եւ մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խաղաղ գործընթացին աջակցելու համար»,- ասել է Բույար Օսմանին։
