Չավուշօղլու. «Հայաստանից կոնկրետ քայլերի ենք սպասում»
«Մենք դեռ կոնկրետ քայլեր չենք տեսել Հայաստանից։ Ժամանակն է, որ Փաշինյանի վարչակազմը դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Միայն խոսքերը բավարար չեն»,- ասել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի հետ հարցազրույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ հուլիսի 1-ին Վիեննայում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար եւ սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջեւ:
Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը»։
«Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն», - ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
