Գոռը ծանրակշիռ, հավասարակշռված երիտասարդ էր, սովորել է Վ. Սարգսյանի ռազմական ինստիտուտում. համայնքապետը զոհված զինծառայողի մասին
Այսօր ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած զինծառայող Գոռ Հովհաննիսյանը տարիներ շարունակ բնակվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում․1998 թվականին ընտանիքի հետ այստեղ Երևանից է տեղափոխվել, վերջին երեք տարիներին Մարտունիում է ապրել: Այս մասին Tert.am-ին պատմեց Կովսականի համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը:
«Գոռը մեր միջնակարգ դպրոցն է ավարտել, հետո Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում է սովորել, որից հետո ծառայության է անցել Մարտունի քաղաքի զորամասերից մեկում: Կոչումով, ինչքան գիտեմ, ավագ-լեյտենանտ է»,-պատմեց Կովսականի համայնքապետը՝ հետո ավելացրեց, որ մյուս եղբայրն էլ նրա հետ նույն վայրում էր ծառայում, այդ պատճառով էլ ընտանիքը Կովսականից երեք տարի առաջ տեղափոխվեց Մարտունի քաղաք: Երեք եղբայրներ են:
Ռազմիկ Մարգարյանի խոսքով՝ Գոռը ծանրակշիռ, հավասարակշռված երիտասարդ էր: «Ընտանիքը շատ լավն էր: Մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի էր, հայրը երեք տարի Կովսականում քաղաքապետի տեղակալ է աշխատել,- պատմեց նա,- շատ վատ բան է եղել: Թշնամու կողմից մահացու վիրավորում է ստացել նա: Շոկի մեջ ենք, ծանր, ողբերգական բան էր»:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
