«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ԱԺ ընտրություններին ծածկելու է ընտրատեղամասերի 75 տոկոսը
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մի քանի հասարակական կազմակերպությունների՝ «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ոչ ֆորմալ կոալիցիան է. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը խորհրդարանական ընտրություններին իրենց գործունեությունը ներկայացնելիս ասաց Քաղաքացի դիտորդ նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի ղեկավար Լուսինե Հակոբյանը:
«Այս անգամ իրականանալու ենք աննախադեպ դիտորդական առաքելություն: Ունենալու ենք 3400 դիտորդ, որոնք գտնվելու են Հայաստանի Հանրապետության ավելի քան 1500 տեղամասերում՝ ծածկելով ընտրատեղամասերի շուրջ 75 տոկոսը»,- ասաց նա և նշեց, որ ունենալու են նաև շրջիկ դիտորդներ:
Ըստ Լուսինե Հակոբյանի՝ գործելու է կենտրոն, որտեղ աշխատելու են մոտ 50 հեռախոսային օպերատորներ, որոնք պատասխանելու են դիտորդների զանգերին: Լինելու է նաև իրավական թիմ, որոնց ներկայացվելու են խախտումների վերաբերյալ հաղորդումները. Իրավական թիմն այդ տեքստերին իրավական տեսք է տալու: Խախտումները ներկայացվելու են «Քաղաքացի դիտորդի» քարտեզում, որոնց հիման վրա բողոքները ներկայացվելու են դիմում-բողոքներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովներ:
«Մեր դիտորդներն ամեն ինչ անելու են, որ ընտրախախտումները տեղ գտնեն ընտրախախտումների գրանցամատյանում»,- ասաց նա:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ ներկայացրեց, որ իրենք այս ընթացքում նաև մոնիտորինգ են պատրաստել քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ:
Նա դրական համարեց, որ հիմա ընտրական ցուցակները հրապարակվելու են: Երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն կամ կրկնաքվեարկությունը բացառելու համար նրանք ևս տեխնոլոգիաներ մշակել են:
