Եթե աճը շարունակվի առնվազն 2018 թվականին կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը կբարձրանան. Կարեն Կարապետյան
Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախընտրական պայքարի ընթացքում իր մրցակից ուժերի նախընտրական խոստումները չի քննադատել, չի մեկնաբանել հանդուրժողական միջավայր և նոր մշակույթ ձևավորելու համար:
Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե նախընտրական շրջանում քաղաքացիները բազմաթիվ խոստումներ են լսել քաղաքական ուժերից, որ 365 օրվա ընթացքում երկիրն այս վիճակից կհանեն, մի մասն ասում է՝ մի քանի վայրկյանում կարող է մենաշնորհների դեմ պայքարել, հայտարարում են, որ ապահովելու են 6-7 տոկոս տնտեսական աճ, բարձրացնելու են թոշակները, նվազեցնելու են հարկերը, իսկ եթե դա հնարավոր է, ինչո՞ւ ՀՀԿ-ն չի խոստանում, իսկ եթե հնարավոր չէ, ինչո՞ւ չեք հիմնավորումներ ապացույցներ ներկայացնում, որ դա պոպուլիզմ է, Կարեն Կարապետյանն ասաց. «Նախ և առաջ մենք մրցակիցների առաջարկությունները չենք քննադատել, չենք մեկնաբանել և փորձել ենք որոշակի հանդուրժողական նոր միջավայր, նոր մշակույթ ձևավորել»:
Վարչապետի կարծիքով՝ նման մեկնաբանություններ ճիշտ կլիներ անել մի հարթակում, որտեղ կհանդիպեին կուսակցության առաջնորդները, կամ վարչապետության թեկնածուները:
Բացի այդ, Կարեն Կարապետյանն ասաց, որ ի տարբերություն այլ ուժերի, որոնց բացատրություն տալու հնարավորությունը քիչ է, ՀՀԿ-ն մի քանի ամիս իր ծրագրի համար պատասխան է տալու:
Ինչ վերաբերում է տնտեսական 6-7տոկոս աճին, Կարեն Կարապետյանն ասաց, որ եթե այսօրվա տեմպերով շարունակվի, ապա առնվազն 2018 թվականին կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը կբարձրանան:
«2018 թվականի ծրագիրը չկա դեռ, իսկ 2017-ին ասել ենք, որ հիմնական չորս գործառույթ պետք է իրականացնենք՝ ախտորոշենք, մաքրվենք բոլոր խանգարող հանգամանքներից, կառավարման համակարգի բարեփոխումներ և որոշման կայացման համակարգի ստեղծում և ստաբիլացում: Սրանից հետո մենք վստահ ենք, որ 2018-ին կունենանք կայուն աճ»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով պոպուլիզմին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ դրա մեջ վտանգավոր բան կա. «Օրինակ՝ ուժեր կան, որ ասում են, թե ավանդներն անմիջապես կվերադարձնեն, բայց եթե չես հիմնավորում ինչի հաշվին, ապա դա զուտ ցանկություն է: Կամ շատերը խոսում են գազի գնի նվազեցման մասին, ասում են կորուստների հաշվին, բայց բոլոր կորուստները նորմայի մեջ են»:
Հարցին, թե քաղաքական որոշ ուժեր խոստանում են, որ փոքր բիզնեսին երեք տարով կազատեն հարկերից, իսկ եթե դա հնարավոր է , ինչո՞ւ ՀՀԿ-ն չի խոստանում,վարչապետն ասաց, որ իր կարծիքով՝ բիզնեսին խոչընդոտողը դա չէ.«Փոքր բիզնեսին այսօր ոչ թե խանգարում է հարկը, այլ պետք է բիզնես միջավայրը բերել այնպիսի մի վիճակի, որ բիզնեսի համար խոչընդոտ չլինի: Մի շատ հետաքրքիր գիրք կա, հայտնի տնտեսագետ Ռոբերտ Ադերսոնն է՝ « Մի կանգնիր ճանապարհին»: Ես իմ հիմնական գործառույթը համարում եմ այն, որ կառավարությունն այնպիսի վիճակի բերենք, որ բիզնեսին չխանգարենք և խթանենք այն»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ամբողջ ծրագրում մեկ թիվ է առկա՝ արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 40-45 տոկոսի սահմաններում, այդ դեպքում, երբ վերջին երեք տարիներին այն եղել է 15 տոկոսի սահմաններում, ինչպես պետք է ավելացնել արտահանումը, վարչապետն ասաց, որ բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են արտահանման աճին, վերացվելու են:
Հարցին՝ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը գործազրկությունն է, ինչպե՞ս է տրվելու դրա լուծումը, Կարեն Կարապետյանն ասաց, որ պետք է հստակ տնտեսության զարգացման ծրագիր ունենալ, որի նպատակը մեկն է՝ աշխատատեղ և հավելյալ արժեք ստեղծել:
