Պուտինը և Լուկաշենկոն ապրիլի 3-ին կքննարկեն ԵԱՏՄ-ում սահմանափակումները
Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 3-ին կքննարկեն Եվրասիական տնտեսական միությունում «առգրավումների և սահմանափակումների» հարցերը. այս մասին հայտնում է Белта պետական գործակալությունը:
«Ապրիլի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն ԵԱՏՄ-ում առգրավումների և սահմանափակումների վերացման ուղղությամբ աշխատանքը», - ասել է փոխվարչապետը:
Սեմաշկոն փաստել է, որ Ռուսաստանը մնում է Բելառուսի համար հիմնական առևտրային շուկան: «Մեզ համար չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք վաճառել արտադրանքը Ռուսաստանում, դա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հիմնական դրդապատճառներից մեկն է եղել: Մենք մտել ենք միություն միասնական շուկայի ստեղծման և տարբեր ոլորտներում, այդ թվում էներգետիկայի ոլորտում հավասար պայմանների համար»,- նշել է նա:
Խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների իրականացրած աշխատանքի մասին՝ Սեմաշկոն հավելել է, որ դեռ ոչ բոլոր հարցերն են լուծված։
«Չեմ կարող փաստել, որ ամեն ինչ բարենպաստ է և ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ, այդ պատճառով առանց առգրավումների և սխալ գործողությունների միասնական շուկայի թեման կքննարկվի ապրիլի 3-ին պետությունների նախագահների մակարդակով»,- ասել է Սեմաշկոն:
