Առաջին նախագահի բացատրությունները տանուլ տված կողմի բացատրություններ են. Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանի համար անհասկանալի է ԼՂ հարցում ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայիս տեսլականը` հաշվի առնելով, որ նրա թիմը եկել է իշխանություն «միացում» կոչերով:
«Ինչ-որ մեկը պետք է բացատրի, թե ինչպես կարելի է սկզբում միացումի կոչեր անել, հետո անջատում, իսկ այսօր խոսել նահանջողականության մասին: Այդ տարածքները, որի մասին խոսվում է, առնվազն միջազգային իրավունքով երբևէ չեն պատկանել Ադրբեջանին, դրանք հանցագործ որոշումներով և Հայաստան պետության թուլության և անօգնականության պատճառով հայտնվել են Ադրբեջանի տարածքներում: Այսօր խոսել այդ տարածքների մասին՝ որպես Հայաստանի կողմից օկուպացված, նշանակում է, որ այդ թիմը արցախյան հիմնահարցի իրավական փաթեթից անտեղյակ է կամ խորամանկում է»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ բարոյականությանը դիմող առաջին նախագահի կոչերը կարծես թե բոլորին են վերաբերում, բացի իրենից և իր թիմից:
«Այդ քաղաքական թիմը տապալել է Հայաստանի ամբողջ տնտեսությունը, լինի դա արդյունաբերության ոչնչացումը, գյուղատնտեսության դեգրադացումը, բնակչության կրճատումը: Այդ տարիների ընթացքում տեղի ունեցած որևէ քաղաքական սպանություն չի պատժվել: Եվ այսօր, երբ այս ուժի ղեկավարը դիմում և ասում է, որ պետք է ուրիշները բարոյական իրավունք ունենան, ես դա գտնում եմ անընդունելի և ափսոսում եմ, որ առաջին նախագահի դիրքորոշումը ապրում է այդպիսի հետընթաց»,-ասաց նա:
Փորձագետը նկատեց, որ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները ժամանակին եղել են մեկ թիմ։
«Եթե մենք այսօր սեղանի վրա ունենք պիղծ Մադրիդյան սկզբունքները, նշանակում է, որ այդ թիմը ամբողջովին կրում է պատասխանատվություն ցանկացած բացասական ելքի համար: Նրանց դիրքորոշումների մեջ կա մի փոքր տարբերություն. երկրորդ և երրորդ նախագահները կարծես թե անում են ամեն ինչ, որ ձգեն և չհամաձայնեն այն կոնցեպտի հետ, որը դրված է Արցախի հարցում, այնինչ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վրա է վերցնում այդ ոչ պատվավոր դերը: Այսինքն` տարբերությունը տակտիկայի մեջ է»,-ասաց նա նշեց, որ իր խորին համոզմամբ`ընտրված ռազմավարությունը սխալ է:
«Ես հուսով եմ և համոզված եմ, որ բացասական ելք չի լինելու, մեր ճանապարհը դժվար է լինելու, և ինչպես մենք տեսանք ապրիլի երկուսին՝ թանկ գին ենք վճարում, սակայն այդ գինը այդ կոպիտ քաղաքական սխալների գինն է, որի պատասխանատվությունը կրում են իշխանությունները: Բոլոր այն փաստարկները, որոնք բերում է առաջին նախագահը, ուղղակի ավազի տնակի նման թափվում են առաջին վերլուծության ժամանակ»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ կարելի է բերել պատմական օրինակներ, երբ ժամանակին զիջել են Նախիջևանը և Ղարաբաղը, սակայն Ադրբեջանը չի վարել բարիդրացիական քաղաքականություն:
«Առաջին նախագահի բացատրությունները տանուլ տված կողմի բացատրություններ են»,-ասաց նա և նշեց, որ բոլոր էլ խաղաղություն են ցանկանում:
