Լուկաշենկոյին պաշտոնապես հրավիրում ենք Արցախ. խավիար, մեդալ չենք տալու, բայց կտանենք Գանձասարի վանք մի հատ մոմ կվառի.Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պաշտոնապես հրավիրում են Արցախ` ծանոթանալու այնտեղի կյանքին: Նշենք, որ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե չի հավատում, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ ու արժանապատիվ են ապրում: «Եթե ցանկանում է տեսնել, թե իրավիճակն ինչպիսին է, խնդրեմ, Լուկաշենկոյին պաշտոնապես հրավիրում ենք Արցախ, թող գա տեղում ծանոթանա, թե ինչպիսին է ընդհանրապես կյանքն Արցախում, ինչպես է զարգանում մեր Հանրապետությունը, ինչպիսինն է մեր մայրաքաղաքը: Այն ժամանակ ինքը կտեսնի, թե ինչպես է կարելի արժանապատիվ ապրել, զարգանալ նույնիսկ այս իրավիճակում»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Դավիթ Բաբայանը հասկանալի համարեց, որ Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանավորվածություններ կան, և Լուկաշենկոն դա ասել է Ադրբեջանին հաճոյանալու համար: «Ի՞նչ է նշանակում, որ ինչ-որ մի երկրի ղեկավար ասի՝ հավատում եմ-չեմ հավատում, սա աստվածաբանական խնդիր չէ, նա կա՛մ պետք է ունենա տվյալներ, որ նման եզրակացություն անի, կա՛մ կարող է գալ և տեղում ծանոթանալ: Մենք նրան նորմալ կընդունենք, միգուցե մոտեցումը փոխվի։ Ճիշտ է, ոչ խավիար ենք տալու, ոչ էլ մեդալ, ինչպես Ադրբեջանում է, քանի որ սա մեր մշակույթին, քաղաքակրթությանը խորթ է, բայց կգա կտեսնի, թե ինչպես է այստեղ կյանքը, կտանենք Գանձասարի կամ Դադիվանքում մի հատ մոմ կվառի, միգուցե դա իրեն օգնի»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ դա ամենալավ ձևը կլինի Աստծո, միջազգային հանրության առաջ մեղքը խոստովանելու:
Ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակի` միգուցե Լուկաշենկոն ցանկանում է թոթափել Ադրբեջանի ազդեցությունը, դրա համար այդպիսի հայտարարություն է արել, որ իրեն հրավիրեն Արցախ:
Ինչ վերաբերում է Լապշինի վերաբերյալ Լուկաշենկոյի խոսքերին, Դավիթ Բաբայանն ասաց. «Լապշինի վերաբերյալ պարզաբանումները որևէ քննադատության չեն կարող դիմակայել, այդ չակերտավոր բացատրությունները շատ թույլ են, և դա առավել ևս նախագահին հարիր չէ: Կա՛մ Լուկաշենկոն իրոք պնդում է իր ադրբեջանական դիրքորոշումը, որովհետև Բաքվից զանգել են, կա՛մ ինչ-որ ձևով ցանկանում է արդարանալ, քանի որ նման գործարքով նա առաջին հերթին մեծ հարված է հասցրել իր հեղինակությանը և Բելառուսի վարկանիշին՝ որպես պետություն»,- ասաց նա:
