Լարսի այլընտրանքը պարտադիր չէ ցամաքային լինի, ասել է նախարարը
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ասել է, որ «պարտադիր չէ Լարսին այլընտրանք դիտարկել միայն երկրորդ ցամաքային ճանապարհի գործարկումը»:
«Դուք միշտ փորձում եք ուղղությունը տանել դեպի երկրորդ ցամաքային ճանապարհը: Սակայն այլընտրանք կարող է լինել ինչպես ավիափոխադրումը, այնպես էլ լաստանավային փոխադրումը: Հարավկովկասյան երկաթուղին ստացել է լաստանավով փոխադրումներ իրականացնելու բավական լավ պայմաններ, եւ այսօր Հայաստանից Ռուսաստան բեռների արժեքը կոնկրետ ապրանքատեսակների գծով ավելի էժան է, քան ցամաքային փոխադրման դեպքում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վահան Մարտիրոսյանը:
Ըստ նախարարի՝ լաստանավային փոխադրումը հարմար է հանքանյութերի եւ ծանր մետաղների փոխադրման համար, իսկ ծիրանը, օրինակ, նպատակահարմար է տեղափոխել մեքենայով:
Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ վրացական կողմից Հայաստանը լավ պայմաններ է ստացել երկաթգծային փոխադրման համար, Ռուսաստանի տարածքով տեղափոխվող բեռների համար էլ զեղչեր է տրամադրել «Ռուսական երկաթգծերը»:
Նախարարը վստահեցրել է, որ ցամաքային այլընտրանքի ուղղությամբ ներկայում աշխատանքներ տարվում են, սակայն դեռ ձեռք չի բերվել այնպիսի պայմանավորվածություն, որը հրապարակման ենթակա լինի:
«Մենք քննարկում ենք բեռնափոխադրման ցանկացած այլընտրանք, որը կարող է Հայաստանի համար դրական ազդեցություն ունենալ»,- ասել է Վահան Մարտիրոսյանը:
