Հակակոռուպցիոն կենտրոնը վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր է բացահայտել
Նրա խոսքով՝ ամենատարածված խախտումների թվում են աշխատանքային ժամերին պաշտոնյաների ու պետական հաստատություններում աշխատակիցների մասնակցությունը քարոզարշավին, ճնշումներն ու սպառնալիքները, ընտրակաշառքի բաժանումն ու ցուցակագրումը։
Հոկտանյանի խոսքով՝ մեկնաբանությունը, թե դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները աշխատանքի ժամին չեն ցուցակագրում կատարել, բոլորովին էլ արդարացում չէ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հիշեցնենք, ձայնագրություններ էր հրապարակել, որոնց համաձայն՝ 100-ից ավելի ուսումնական հաստատությունների տնօրեններ իշխող ուժի օգտին ընտրողների ցուցակագրում են իրականացրել։
Հոկտանյանն ասաց․ - «Ցուցակագրելը երբ վերադաստն է անում իր աշխատավայրում, իսկ տնօրենը վերադաս է ուսուցիչների նկատմամբ, դա արդեն ինքնին վարչական ռեսուրսի չարաշահում է՝ անկախ նրանից, թե որ ժամին է արվել»:
Նրա կարծիքով, եթե Հանրապետական կուսակցությունը վարչական ռեսուրս է չարաշահում, ապա մյուս ուժերը, օրինակ, «Ծառուկյան դաշինքը», նույն կարգի այլ խախտումներ թույլ տվել։ Ահազանգեր կան նաև «Դաշնակցության» ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունների վերաբերյալ։
Վարուժան Հոկտանյանը նկատում է, որ դժվար է ասել, թե այս խախտումներն ինչ ազդեցություն են ունենում ընտրությունների արդյունքի վրա, սակայն միանշանակ է՝ աննախադեպ լավ ընտրություններ չենք ունենա․ - «Աննախադեպ լավ, երբ որ կա մասսայական կաշառում, վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրությունները չեն կարող լինել: Թեկուզ քվեարկության օրը չլինի բռնություն, չլինի ծեծուջարդ․․․ կոշտ խախտումներ»:
Հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը վստահ է, որ իրավախախտներից շատերը պատասխանատվություն այդպես էլ չեն կրելու։
