Վիրահատությունից հետո ոսկե մեդալն ու 4 եզրափակիչները
Այսօր Հայաստանի մարմնամարզության հավաքականը հանդիպել է լրագրողների հետ ու ամփոփել օրեր առաջ Դոհայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունը:
Օղակների վրա վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Թովմասյանը, իսկ Արթուր Դավթյանը հենացատկում ու նժույգթափերում 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավել:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյան
[[gallery1]]
Մինչեւ մրցաշարի մեկնարկը Դոհայում մենք հավաք ենք ունեցել, զգում էի, որ տղաներն այդքան էլ լավ մարզավիճակում չեն, ինձ չէր գոհացնում: Գավաթում 3 մեդալ կարողացանք նվաճել, ինչը սպասվածից ավելի լավ էր:
Դոհայում Թովմասյանը շատ ավելի լավ հանդես եկավ, քան մարզումների ու Հայաստանի առաջնության ժամանակ: Որոշակի թերություններ նրա կատարման մեջ եղան, սակայն առաջիկայում կաշխատի շտկել: Եթե այսպես մասնակցի նաեւ Եվրոպայի առաջնությանը, կկարողանա եզրափակիչ դուրս գալ:
Աշխարհի գավաթն առաջին անգամ էր նոր կանոնակարգով անցկացվում, դա բավականին դժվարացրեց մարզիկների գործը: Նժույգթափերի վրա մի շարք ուժեղ մարմնամարզիկներ սխալվեցին ու ընկան, դրանից օգտվեց Արթուր Դավթյանն ու բրոնզե մեդալ նվաճեց:
Հարություն Մերդինյանը նախադասակի վնասվածք ուներ, ու այն զգացնել տվեց: Նա չկարողացավ եզրափակիչ անցնել:
Անակնկալ էր, որ Դավթյանը կարողացավ եզրափակիչ անցնել նաեւ ազատ վարժություններում ու զուգափայտերում: Աշխարհի գավաթի ազատ վարժությունների եզրափակչում մասնակից չէինք ունեցել, նա մեծ ոգեւորությամբ հանդես եկավ, ուզում էր մեդալ նվաճել, բայց 4-րդ տեղը գրավեց:
Վահագն Դավթյանը օղակների վրա շատ բարդ վարժություն կատարեց, աշխարհում հաշված մարզիկների մոտ է դա ստացվում: Պարզապես նա սխալներ թույլ տվեց ու 4-րդը եղավ:
Արթուր Թովմասյան
[[gallery2]]
2016-ի ամռանը ծնկի վիրահատության եմ ենթարկվել ու 6 ամիս չեմ կարողացել օղակների վրա ցատկեր կատարել: Հայաստանի առաջնության ժամանակ անվստահություն էի զգում, մարզիչներն ամեն ինչ անում էին, որ օգնեն ինձ: Որոշ դժվարություններ հաղթահարեցի, որ վստահությունս վերականգնվի:
Աշխարհի Գավաթի որակավորման փուլից հետո ինձ ավելի լավ զգացի, հանգստացա ու լավ կատարեցի վարժությունը: Ինձնից պարզապես պահանջվում էր անել այն, ինչ կարող էի: Արդյունքն էլ ակնհայտ երեւաց:
Զգացողություններն աննկարագրելի էին, երկար դադարից հետո կանգնեցի պատվոհարթակին, տեսնում էի, որ մարզիչներն ինձնից շատ են ուրախացել: Ինձ մնում էր վայելել այդ մի քանի վայրկյանները:
Արթուր Դավթյան
[[gallery3]]
Չէի սպասում, որ 4 գործիքների վրա եզրափակիչ կանցնեմ ու մեդալներ կնվաճեմ: Հենացատկում արծաթե մեդալ նվաճեցի, 2-րդ ցատկս այդքան էլ բարդ չէր, երեւի դա էր պատճառը, որ առաջինը չէի:
Նժույգթափերում էլ լավ հանդես եկա, բայց ավելի ուժեղ մրցակիցներ կային ու 3-րդ տեղը գրավեցի:
