Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ:
Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատև, ակտիվ և նպատակասլաց աշխատանք:
Այս մասին տեղեկացնում ենԱրցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ և պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջև դրված խնդիրների լուծմանը, փոխգործակցված և փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը, համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք և արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման և Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թևերի ներկայացուցիչները:
