Թաիլանդում հայտնաբերվել է հնդկաչին վագրերի անհայտ պոպուլյացիա (տեսանյութ)
Թաիլանդի արևելքում հայտնաբերվել է հնդկաչին վագրերի պոպուլյացիա, որը մինչ օրս անհայտ է եղել: Վեց տեսախցիկի միջոցով գիտնականներին հաջողվել է տեսնել Panthera tigris corbetti տեսակի նոր պոպուլյացիայի վեց երիտասարդ վագր և երկու մեծահասակ էգ վագր: Ավելի վաղ գիտնականները տեղյակ են եղել Panthera tigris corbetti-ի միայն մեկ պոպուլյացիայի մասին:
BBC News-ի հաղորդմամբ` կենդանիները հայտնաբերվել են ջունգլիներում: Ենթադրվում է, որ անհայտ պոպուլյացիայի ներկայացուցիչների քանակի սակավության պատճառը որսագողությունն ու բնակության միջավայրի անբարենպաստ պայմաններն են:
«Որսագողության դեմ պայքարող պահակախմբերն ու իրավապահ մարմինների ջանքերն այս տարածքում առանցքային դեր են խաղացել վագրերի պոպուլյացիայի պահպանման հարցում` նրանց համար անվտանգ միջավայր ապահովելով բազմանալու համար: Այնուամենայնիվ, մենք պետք է զգոն լինենք և շարունակենք այս ջանքերը, քանի որ լավ զինված որսագողերը դեռևս լուրջ վտանգ են ներկայացնում իրենցից», - ասել է Թաիլանդի ազգային պարկի տնօրեն Սոնգտամ Սուկսավանգը` մեկնաբանելով նոր պոպուլյացիայի հայտնաբերումը:
