Արցախում ՀՀ նախագահի վերջին ելույթը հստակ մեսիջներ էր պարունակում արտաքին և ներքին լսարանի համար. Է. Շարմազանով
Արցախի Հանրապետությունում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը շատ հստակ էր և պարունակում էր մեսիջներ թե արտաքին, թե ներքին լսարանին: Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Արտաքին լսարանին ուղղված էին այն մեսիջները, որ վերջին տարիներին մենք բավականին վերազինվել ենք, ու արդեն այսօր մեր առաջնագիծն ավելի ամուր է: Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է ու Հայաստանը ջանք չի խնայելու Արցա խի անվտանգության ապահովման գործում: Եթե դրա համար անհրաժեշտ լինի դիմել «Իսկանդեր»-ի օգնությանը, մենք դա կանենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Շարմազանովը:
Նրա խոսքով` ՀՀ Նախագահի ելույթում ներքին լսարանին ուղղված մեսիջն այն էր, որ մեզ անհրաժեշտ է ներքին կայունություն, որ անվտանգությունը մեզ համար մնում է ամենակարևոր հարցերից մեկը:
«Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ առանց կայուն անվտանգության համակարգի, չենք կարող խոսել տնտեսական և սոցիալական բարեփոխումներից»,- նշել է Շարմազանովը` հավելելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է ՀՀ անվտանգության կայուն համակարգ ձևավորելու համար:
