Յըլդըրըմը վստահեցրել է, որ կառավարման նախագահական համակարգի անցնելուն պես Թուրքիային «գեղեցիկ օրեր են սպասվում»
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ եթե երկիրն անցնի կառավարման նախագահական համակարգի՝ երկրի տնտեսությունը զգալի աճ կգրանցի, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Այդ գործն ավարտելուց հետո Թուրքիային գեղեցիկ օրեր են սպասվում, եթե դա մեզ հաջողվի՝ մեր տնտեսությունն ավելի կզարգանա», - հայտարարել է վարչապետն ու կոչ արել ժողովրդին «հանուն լավ ապագայի» քվեարկել սահմանադրական փոփոխությունների օգտին:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
