Գյուղատնտեսության մեջ հեղափոխության անհրաժեշտություն ունենք. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ապրիլի երկուսին սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Գառնի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց ծանոթանալ իրենց համայնքի ծրագրի հետ:
«Մենք մտցրել ենք նոր մշակույթ, մենք համայնքապետերին տվել ենք մեթոդաբանություն, ըստ որի պետք է կազմել համայնքի զարգացման ծրագիր։ Որովհետև եթե դու չունես տեսլական, թե ուր ես գնում, դու գալու ես մանր-մունր խնդիրներ լուծելու՝ մեծ պատկերը չունենալով»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ նախ պետք է գույքագրվեն բոլոր խնդիրները, հետո հաշվարկվեն Գառնու առավելությունները, ներկայացվի, թե ինչ պետք է արվի աշխատատեղեր ստեղծելու համար և ինչով կարող է օգնել համայնքապետը, մարզպետը, կառավարությունը:
«Ես Երևանում ձեզանից լավ չեմ պատկերացնում՝ Գառնին ոնց է զարգանալու: Ձեր համայնքապետի ներկայացրած ծրագիրը կարող է սանրելու, բանտիկ կապելու, կարգավորելու խնդիր ունենա՝ ներդրողին ցույց տալու համար, բայց գաղափարը պետք է այստեղից դուրս գա»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացմանը` վարչապետն ասաց, որ ապահովագրությունը գյուղատնտեսության վաղվա օրն է։ Նա նշեց, որ եթե ապահովագրությունը դարձնում են պարտադիր, միանգամից բողոքի ալիք է բարձրանալու, իսկ կամավորի դեպքումայդ ծրագիրը կարող է մեռնել, եթե անհրաժեշտ կամավորների քանակ չլինի, դրա համար դեռևս պիլոտային ծրագիր են իրականացնում:
«Գյուղատնտեսության մեջ իրականում հեղափոխության անհրաժեշտություն ունենք, բարեփոխումների անհրաժեշտություն ունենք»,-ասաց վարչապետը և տվյալներ ներկայացրեց՝ 359 հազար գյուղացիական տնտեսություն կա, որի կողքը՝ 352 ֆերմեր-կոոպերատիվ։
