Դավիթաշենում պապի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ թոռանը մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչի կողմից պապի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1985թ ծնված Ա. Հակոբյանը մուտք է գործել իր պապի՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարան, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխի և դեմքի շրջանում, ապա հափշտակել պապի մոտ առկա կանխիկ գումարը, նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
