Մենք հակառակ կողմից ենք սկսում. չենք մտածում՝ եկամուտը շատացնել, մտածում ենք գներն իջեցնել. վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Գառնի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ զբոսաշրջության մեծ ծրագրեր ունեն Գառնու ձորի հետ կապված:
«Փոքր տնտեսությունների շուկա գտնելու հարցին մենք լուծում կտանք, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ փոքր տնտեսությունները կարող են էֆեկտիվ չլինել, դրա համար պետք է մտածել, թե ինչպես անել՝ միավորվել»,-ասաց նա:
Բնակիչներից մեկի`գազի գնի վերաբերյալ հարցին ի պատասխան, Կարեն Կարապետյանն ասաց, որ գազի գնի նվազումը եղել է շատ տրամաբանական: «400 հատ գազալցակայան կա երկրում և գերիշխող դերակատարում որևէ մեկը չունի, մրցակցության պայմանները այնքան շատ են, որ եթե մեկը փորձի գինը թելադրի, իրենից ուղղակի չեն առնի: Երբ որ պետությունը արհեստական մտնում է այլ սեփականատիրոջ բոստանը և սկսում է իրեն թելադրել, դրանից միայն վատ բան է դուրս գալու»,-ասաց նա և նշեց, որ պետք է հավասար պայմաններ ստեղծեն բոլորի համար:
«Մենք չենք կարող իլյուզիաներով ապրել, մենք չենք կարող պահանջել, որ գազի գին 0 դրամ լինի, այստեղ խնդիրը ոչ թե գազի գինն է, այլ մեր եկամուտն է: Մենք հակառակ կողմից ենք սկսում. չենք մտածում՝ ոնց անենք, որ եկամուտը շատացնենք, այլ մտածում ենք՝ սաղ գները իջեցնենք»,-ասաց նա:
Վերջում նա կոչ արեց լինեն լավատես, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան:
