Բոլոր իշխանություններն էլ ուզում են վերարտադրվել, բայց կա սահման, որը պետք է չանցնել. Ալեն Սիմոնյան
Սահմանադրական փոփոխությունների նպատակը, որի շրջանակներում էլ առաջին անգամ Հայաստանում անցկացվելու են ընտրություններ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ինչ-որ կերպ վերարտադրելն էր, ոչ թե երկիրը բարեկարգելը: «Ազատության» եթերում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
«Նույն Առաքել Մովսիսյանը, ով ընտրվում էր մեծամասնականով, կփորձի ընտրվել ռեյտինգայինով: Փոփոխությունն էլ ո՞րն է: Շատ ձայն կբերեն կուսակցության համար, կընտրվեն, քիչ ձայն կբերեն՝ քիչ պաշտոն կստանան»,- ասաց Սիմոնյանը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» պատգամավորի թեկնածու Պարույր Սանթրոսյանն էլ իր հերթին ասաց, որ ինքը չի կարող ասել, թե ինչ նպատակներից ելնելով են արվել այս փոփոխությունները, որովհետև ներկա չի գտնվել, բայց շեշտեց, որ ցանկացած իշխանություն ուզում է, փորձում է վերարտադրվել, դա ամբողջ աշխարհում է այդպես:
«Տարբերակ ենք գտել, ոչ լիարժեք մեր սրտով, բայց գտել ենք մի տարբերակ: Գուցե լինեն հետագայում այլ քննարկումներ, այլ տարբերակներ գտնվեն: Իմ կուսակցությունն ասում է՝ ունեմ 12 թեկնածու, ընտրեք՝ ում ցանկանում եք: Գուցե սա գալիս է մեր կուսակցության կառուցվածքից, մեր թեկնածուների միջև չկա խնդիր»,- ասաց ՀՅԴ-ականը:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ համաձայն է՝ բոլոր իշխանություններն էլ ուզում են վերարտադրվել, բայց գին կա, սահման, որը պետք է չանցնել:
«Մենք բոլորս լավ գիտենք, որ ՀՀԿ-ն մեծամասնության չի վայելում հանրության շրջանում: Նրանք դիմում են գումարի, վախի, օգտագործում են պետական լծակները, որ իշխանությունը պահեն, ու ես դա չեմ կարող հասկանալ»,- հավելեց «Ելք»-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ եթե ընտրությունները ավարտվեն ՀՀԿ հաղթանակով, մենք կլճանանք:
Սանթրոսյանը համաձայնեց, որ «սարսափելի է», երբ ընտրակաշառք են բաժանում, բայց ասաց, որ իր համար ավելի սարսափելի է ոչ թե ընտրակաշառք տվողը, այլ՝ վերցնողը:
«Մենք 25 տարվա պատմություն ունենք: Ցավոք, 95-ից չենք ունեցել ընտրություններ, որոնք բոլորի համար ընդունելի կլինեին: Եկել է մի ժամանակ, եկել եմ համոզման, որ մեր նման երկրում ամեն ինչ քաղաքակիրթ պիտի անենք»,-հավելեց ՀՅԴ-ականը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք պայքարում են իրավիճակի դեմ, որը ստեղծվել է ՀՀԿ պաշտոնավարման արդյունքում, ուստի իրենք խորհրդարանական ընտրություններից հետո բացառում են համագործակցությունը ՀՀԿ հետ:
Սանթրոսյանն էլ ասաց, որ ինքը երազում է Հայաստանի մասին, որտեղ կլինի ոչ թե կոալիցիոն իշխանություն, այլ՝ ազգային համաձայնության կառավարություն: