Թեկնածուների մի մասի դեմքից երևում է, որ իրենց զոռով են ուղարկել. Հայկ Կիրակոսյան
«PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, PR-խորհրդատու Հայկ Կիրակոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ավելի ճիշտ կլինի մեր քաղաքական գործիչներին համարել քաղաքական դերասաններ և նշեց, որ ունենք հատկապես վատ, անհաջող քաղաքական դերասաններ:
Նա գտնում է, որ մեր քաղաքական գործիչները տրագեդիայի ժանրում բավականին առաջ են գնացել, լացելու խաղը իրենց մոտ առավել լավ է ստացվում: «Այսօր ընտրություններին մասնակցողների զգալի մասը ընդհանրապես չկային և սնկերի պես հայտնվեցին, մի մասի դեմքից երևում է նույնիսկ, որ իրենց զոռով են ուղարկել մասնակցելու»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այսօր քաղաքական ուժերը կիրառում են նույն տեխնոլոգիաները, որոնք, բերում են նույն արդյունքների և որոշ առումով էլ՝ նկատելով հասարակության անտարբերությունը հրահրում են որոշակի կոնֆլիկտներ հանրային ուշադրություն գրավելու համար:
Ասուլիսին ներկա ՌԴ Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ, պրոֆեսոր Գոռ Սարգսյանն էլ նշեց, որ սուտը բացահայտել հնարավոր է կոմպլեքս հետազոտության արդյունքում:
«Սուտը ստրես է, բայց ամեն ստրես դեռ սուտ չէ: Չկա այնպիսի մի ժեստ, որից կարելի է ասել թե մադը ստում է»,- ասաց նա և նշեց, որ իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ և չեն ուսումնասիրում, թե քաղաքական գործիչները ստում են թե ոչ: