ԱԺ ընտրություններին առաջադրվելու եմ Կոտայքի մարզից ԲՀԿ ռեյտինգային ցուցակով. Մելիք Մանուկյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով՝ Կոտայքի մարզից։
Tert.am-ի հետ զրուցում նա նշեց, որ ԲՀԿ-ի հետ շարունակելու է իր ճանապարհը չի հետևելու ԲՀԿ-ից հեռացածների օրինակին։
«Կուսակցությունում արդեն հաստատվել է՝ մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին, լքողների մասին ինձ մի հարցրեք, ԲՀԿ-ի պատերից էլ մի հարցրեք»,-ընդգծեց նա։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակում են Մելիք Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը (Բրիլիանտի Արշակ), Արա Արամյանը, Մուրադ Գուլոյանը, ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Հարցին, թե ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով մյուս առաջադրվողներին իրեն մրցակից համարո՞ւմ է, Մելիք Մանուկյանը պատասխանեց. «Ով առաջադրվելու է, մրցակից համարում եմ»։
Ի պատասխան հարցի՝ արդյո՞ք պատրաստ է հրաժարվել բիզնեսից, քանի որ Սահմանադրության համաձայն պատգամավորը չի կարող նաև գործարար լինել, վերջինս ասաց. «Ո՞վ ա հրաժարվում, որ ես հրաժարվեմ։ Համ էլ ես ընդամենը գործարանի սեփականատեր եմ, եթե ասեն՝ չի կարելի սեփականատեր լինել, կվաճառեմ»։