Անի Պետրոսյան. Նամակ «Ավրորայի» հերոսին
Բարև Ձեզ, ինձ արդեն ծանոթ Բերնարդ Կինվի: Նամակը ձեզ գրում եմ փոքրիկ Հայաստան երկրից: Անունս Անի է: Ես կարդացի Ձեր կյանքի պատմությունը և սկսեցի այլ կերպ նայել շուրջս կատարվող դեպքերին: Երկիրը, որտեղ ես եմ ապրում, իր դարավոր պատմության ընթացքում միշտ պատերազմներ է մղել ու մինչ օրս էլ մղում է իր գոյությունը պահպանելու համար: Երբ փոքր էի, չէի հասկանում, թե ինչ է նշանակում թշնամի բառը, երբ մեծացա` ատեցի ոչ միայն թշնամի, այլ նաև թուրք ու ազերի բառերը: Վերջին երկուսը մեր թշնամիներն են, որոնց պատճառով մինչ օրս որդեկորույս մայրերը գերեզմաններից տուն չեն դառնում: Գնացի~ն, էլ ետ չեկան մեր երկրի տերերն ու պաշտպաները:
Գարուն էր, մեկն այն գարուններից, որ իր հետ սեր ու ջերմություն էր բերում: Ծաղկել էր ծիրանենին, հոգիս էլ էր ծաղկել, իսկ ի՞նչ պատահեց. նորից պատերազմ: Վայրագ թշնամին նորից գործի դրեց իր զենքը: Սպանեց, հասկանո'ւմ եք, ի'մ ընկերներին, ի'մ եղբայրներին սպանեց: Հանգավ մոմս, իսկ ես էլ չուզեցի վառել այն: Ինչո՞ւ, ինչի՞ համար, որ հերթականը ե՞ս դառնայի, չէ', ո'չ այս անգամ: Պետք էր կռվել, պետք էր երկիրը պաշտպանել, կաթողիկոսի պատարագն անգամ հոգիս չմեղմացրեց. կռիվ էի ուզում, զենք էի ուզում, շուն թուրքին սպանել էի ուզում:
Ադամ, Արմեն, Ազատ... ո՞ւր գնացիք տղերք, ախր խոստացել էիք, ձեր մոր աչքերն ինչու արցունքով թողիք: Չգիտեմ Ձեր աստվածն ի՞նչ էր ուզում երկրիցս, ի՞նչ էր ուզում իմ ժողովրդից:
Երկրումս հիմա ձմեռ է: Շատերն են աղոթքով քուն մտնում, իսկ ես տարիների արանքում կորցրի հավատս, կորցրի հույսս, երբ որ հասկացա, որ էլ հուսալու ոչինչ չկա: Սառել է սիրտս երկրիս ցրտաշունչ ձմռան պես: Ձեր մեջ տեսնում եմ խորը հավատ, ընդամենը 34 տարեկան: Խնդրում եմ, օգնեք որ գտնեմ լույսը: Ես էլ եմ ուզում աղոթք անել անմահ հոգիների համար, երկրիս համար:
Շուտով գարուն է: Ես շատ դանդաղ եմ շնչում, չեն ուզում, որ մոմս հանգի, չեն ուզում, որ աշխարհում պատերազմներ լինեն: Աղոթում եմ Ձեր և մեր երկրի համար: Հուսով եմ` մի օր անպայման կհանդիպենք ու անկախ կրոնից ու ազգությունից կաղոթենք մեր, Ձեր ու ողջ աշխարհի խաղաղության համար: Կաղոթենք, որ թնդանոթների ձայները լռեն, որ միայն մանկան ճիչեր լսվեն, ու աշխարհն ավելի բարի ու լավը դառնա:
Ձեր բարեկամ` Անի