Վիտալի Բալասանյանը չի միջամտելու ԼՂՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններին. Վաչիկ Բալասանյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կկայանան N5 ընտրական տարածքի լրացուցիչ խորհրդարանական ընտրությունները։ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը ընտրություններում ինքնաառաջադրվել է: Այդ մասին գրված է ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
Tert.am-ի հետ զրույցում Վաչիկ Բալասանյանն ընդգծեց, որ ընտրություններին մասնակցելու նպատակների մասին կխոսի միայն այն ժամանակ, երբ քարոզարշավը մեկնարկի:
«Իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը, անկուսակցական եմ, վաղ է խոսել այլ հարցերի վերաբերյալ, հետո ընդհանուր նպատակները կներկայացնեմ»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընտրությունների ժամանակ իրեն չի՞ աջակցելու ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, նա ընդգծեց, որ իր եղբայրը գործընթացներին չի միջամտելու:
«Խաչ-մաչ հարցեր մի տվեք, ախպոր անուն մի տվեք»,-եզրափակեց նա:
Խորհրդարանական ընտրություններին մեծամասնական համակարգով մասնակցելու համար ԼՂՀ N5 ընտրական տարածքում արդեն առաջադրվել է նաև Վիլեն Սաֆարյանը , ով Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս է:
Հիշեցնենք նաև, որ Ասկերանից պատգամավոր է ընտրվել Ղարաբաղի պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանը, ով նախորդ տարի նոյեմբերի 3-ին նա նշանակվեց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
