Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
Ավանդաբար Փարաջոնովի ծննդյանը օրը թանգարանի աշխատակիցները պատրաստում են նրա սիրած հարիսան ու մատուցում թանգարանի այցելուներին:
Թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ մեծագույն երջանկություն է համարում Փարաջանովին ճանաչելն ու նրա հետ շփվելը․ - «Կարծում եմ, ով նրան տեսել է գոնե մի անգամ, այս նույն բանը կարող է ասել: Մյուս կողմից, ասյօր մտածում եմ՝ ի՜նչ ուժ պիտի ունենա մարդը, ի՜նչ տաղանդի տեր պետք է լինի, որ այդ փակ երկրում ապրելով, ամբողջ կինոաշխարհը ճանաչի նրան»:
Արվեստագետ, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, սակայն, շատ է ցավում, որ այսօր մեր հասարակության, մեր ժողովրդի մեծ մասը կտրվել է արվեստից ու իր մեծերից:
«Ժողովրդին կրթել է պետք», - համոզված է արվեստագետը: - «Ես, երբ շրջում եմ շրջաններով, մեկ-մեկ այնպիսի տգիտություն եմ տեսնում, որ զարմանում եմ: Օրինակ, Նոր տարի է, տասը օր է, հեռուստատեսությունը, որ միացնեք, բոլոր ալիքներով համարյա պարում են ու ինչ-որ երաժշտություն է նույնանման․․․ Փոքր հաղորդումներ արեք, ֆիլմեր, որ մարդիկ ծանոթանան․․․ մի քիչ մոտիկացրեք նրանք մեր մեծերին, արվեստին: Չկա սա, որովհետև դա պահանջում է աշխատանք»:
Փարաջանովի թանգարան, ըստ վիճակագրության, ամենաշատ այցելություններն են տեղի ունենում, բայց հենց այդ այցելությունների քանակով է պայմանավորված Զավեն Սարգսյանի մտահոգությունը․ - «Միլիոնանոց քաղաքում տասը հազար մարդ որ գա թանգարան: Էլ չեմ ասում, որ շատերը շրջաններից են: Երեքմիլիոնանոց հանրապետությունը դա շատ փոքր թիվ է: Դեռ մեր թանգարանը ավելի այցելվող է․․․ Բա ինչո՞ւ մարդիկ չգան իրենց մեծերի թանգարանները՝ Քոչարին, Սարյանին այցելեն, իմանան, ծանոթանան»:
Հարցին, թե ինչ պետք է անել դրան հասնելու համար, Սարգսյանն արձագանքեց․ - «Չգիտեմ․․․ Ինձ համար գիտեք ինչն է շատ ծանր, երբ սկսում եմ մտածել: Մենք ասում ենք, որ մենք շատ խելոք ենք: Բայց եթե այդպես է, այդ դեպքում ինչո՞ւ դու չես ուզում քո երկիրը դարձնես օրինակելի երկիր: Ասենք, Իսրայելը, որ շատ ծանր վիճակում է, այնտեղ է ուրիշ ձևի է դրված ամեն ինչը: Լավ, չի՞ կարելի, որ հայ մարդը այդպես լինի՝ չհանդուրժի կաշառակերին, տգետին․․․ Ամոթ չի, որ ասեն՝ ընտրակաշառք են բաժանում․․․ Այդ ի՞նչ վիճակում պիտի լինես, ինչքա՞ն քեզ չսիրես, որ տենց բաների գնաս: Ընտրություն է՝ ընտրիր: Թող ամեն մեկը իր համար պատասխան տա, այնպիսի մարդ ընտրի, որին վստահելու է: Ի՞նչ է նշանակում՝ թողնես-գնաս: Մյուս ինչո՞ւ չեն գնում իրենց երկրներից: Պայքարում են, փոխում են երկիրը»:
