Փոխմարզպետի տղան ու ոստիկանություն ներկայացածը հեռու բարեկամներ են, անձնական խնդիր չեն ունեցել. Գեղարքունիքի մարզպետ
Գավառում սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանն ու ոստիկանություն ներկայացած Մեխակ Հարությունյանի ընտանիքներն անձնական խնդիրներ չեն ունեցել, նրանք հեռու բարեկամներ են:
Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության առթիվ մամուլում տարածված տեղեկություններին։
«Ի՞նչ է նշանակում՝ գյուղում տարածված տեղեկություններ, դրանք բամբասանքների ժանրից են, սպասեք՝ հետաքննությունն ավարտվի: Իրանք անձնական խնդիր չեն ունեցել, իրանք հեռու բարեկամներ են»,-ասաց մարզպետը:
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այսօր կկայանա 2 օր առաջ, նախնական տեղեկություններով, համագյուղացու կողմից սպանված Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի 29-ամյա որդու՝ Հայկ Հակոբյանի հոգեհանգիստը: Իսկ վաղը նորատուսցիները վերջին հրաժեշտը կտան երիտասարդին:
Սպանության պատճառների մասին մամուլում որոշ տեղեկություններ են շրջանառվում: Ըստ «Փաստինֆո»-ի՝ սպանված Հայկ Հակոբյանի և կասկածյալի միջև վիճաբանություն է եղել ավտոմեքենա վարելու հարցի շուրջ, այս թեմայով երիտասարդները վիճաբանել են մի քանի անգամ: Դեպքի օրը՝ հունվարի 7-ին, Հակոբյանի սպանությանը նախորդել է կրկին այդ թեմայի շուրջ նրանց վիճաբանությունը. երկու երիտասարդներն էլ եղել են մեքենաներով: Իսկ հունվարի 8-ին ոստիկանություն է ներկայացել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը, ով կասկածվում է 29-ամյա Հայկ Հակոբյանին հրազենով սպանելու մեջ։
Մեխակ Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի տղան է:
