«Ռուս հաքերները» կոտրել են Օբամայի ուղեղը. ՌԴ ԱԳՆ խոսնակ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների գործընթացքում ռուս հաքերների միջամտության մասին ԱՄՆ-ի հետախուզության զեկույցում ներկայացված տեղեկատվությունը, գրում է gazeta.ru-ն:
«Ինձ թվում է, «ռուս հաքերները» եթե ինչ-որ բան կոտրել են Ամերիկայում, ապա դա երկու բան է՝ Օբամայի ուղեղը, և, իհարկե, հենց «ռուս հաքերների» մասին զեկույցը»,- գրել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում հիասթափված են կիբերհարձակումներին Վլադիմիր Պուտինի ներգրավվածության մասին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների զեկույցով՝ հավելելով, որ զեկույցում չկա ոչինչ, որ «արժե մանրամասն կարդալ», մեղադրանքները Մոսկվային «լրջորեն հոգնեցնում են, իսկ իրավիճակը նման է «վհուկների որսի»:
ԱՄՆ հետախուզությունը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին ԱՄՆ նոր նախագահի ընտրության գործընթացի վրա ազդեցություն ունենալու հատուկ ծրագիր է ստեղծել, որի նպատակն է եղել թույլ չտալ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնին հաղթանակ տանել ընտրություններում:
