Հայկական տարազով սևամորթ երիտասարդի ընտանիքի լուսանկարի մասին գրառում կատարած ուսուցիչը չի ազատվի աշխատանքից. դպրոցի տնօրեն
Սևամորթ երիտասարդի հետ ամուսնացած հայ կնոջ և նրանց երեխայի ընտանեկան լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը նոր փուլ է մտել: Այժմ կոչեր են հնչում հայկական տարազով ընտանեկան լուսանկարի շուրջ թշնամանք արտահայտողներին պատժել, թեև հաշված անձինք են, որ հանդես են եկել «ի պաշտպանություն հայի գենի»:
Լրագրող, բլոգեր Վահան Իշխանյանը Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում «հավաքել այդ բոլոր ռասիստների անունները և դիմել դատախազություն «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը» հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջով»:
Նույն գրառման կոչին արձագանքել են մի խումբ անձինք: «Կեցցես, Վահան ջան, միանում եմ կոչիդ»,-արձագանքել է օգտատերերից մեկը:
Լիզա Ճաղարյան ֆեյսբուքյան օգտատերը Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի շախմատի ուսուցիչ Լևոն Ստեփանյանին աշխատանքից ազատելու պահանջով ստորագրահավաք է սկսել. նա պնդում է, թե ուսուցիչը ևս այդ թեմայով ռասիստական գրառում է կատարել Facebook-ում, այնուհետև՝ ջնջել։
Նման գրառում ուսուցչի էջում այս պահին չկա. ավելի ուշ նա գրել է, թե իրեն մեղադրում են այլատյացություն քարոզելու մեջ, ինչը տարրական անգրագիտություն է. «Խոսքիս մեջ չկան կոնկրետ ռասսայի հանդեպ ատելության և նրան ոչնչացնելու կոչեր, այլ ընդամենը՝ որոշակի բնութագիր կոնկրետ ռասսայի և անհամաձայնություն՝ ռասսաների միջև խառնամուսնությունների վերաբերյալ»։
Ուսուցչին աշխատանքից ազատելու մտադրություն դպրոցի տնօրեն Նարինե Շառյանը չունի: Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե ռասիստական գաղափարներ իր ուսուցչի գրառման մեջ բացարձակապես չեն եղել:
«Ինքը կողմ է հայ տեսակի պահպանմանն ընդամենը: Եթե մենք սիրում ենք մեր ազգը, դա չի նշանակում, որ մենք մյուսներին անտեսում ենք կամ մյուսներին վերևից ենք նայում կամ նրանց ոչնչացնելու կոչեր ենք անում: Ազգայնամոլությունը, ռասիզմը, դրանք տարբեր բաներ են, ես ինքս պատմաբան եմ, ինքն ընդամենը ֆիքսում է գենետիկական ընդհանրական գիտելիքները»,-ասաց նա:
