Մուսալեռում ընտանիքի 3 անդամները նախնական տվյալներով մահացել են շմոլ գազից. հարուցվել է քրգործ
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում երեք անձանց մահվան դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 279-րդ հոդվածի 3-րդ մասով: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նախնական տվյալներով` ամուսինները և նրանց մանկահասակ երեխան մահացել են շմոլ գազի արտահոսքի պատճառով»,-հայտնեցին լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին նույն ընտանիքի երեք անդամների՝1997 թ. ծնված Ա. Մ.-ի, 1990 թ. ծնված Հ. Բ.-ի և 2016 թ. ծնված Ա. Բ.-ի դիերը:
Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանն ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Մուսալեռում ընտանիքի 3 անդամների մահվան նախնական պատճառ է նշվում գազից թունավորումը:
«Մահվան հանգամանքները կպարզեն իրավապահները, սակայն որպես նախնական վարկած շրջանառվում է, որ նրանք մահացել են գազի արտահոսքի հետևանքով: Ընտանիքի մայրը զգուշացրել է, որ գազի վառարանը չօգտագործեն, սակայն, հավանաբար, միացրել են այն, ինչից էլ թունավորվել են»,-ասել էր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ վարձակալած տանը տեղադրված է եղել գազի վառարան՝ առանց խողովակների:
Էդգար Հովհաննիսյանը նշել էր, որ ընտանիքի անդամների դիերը հավանաբար գտել են դեպքից մեկ օր անց, որովհետև մոր՝ դռան զանգերին երիտասարդ ընտանիքը չի արձագանքել նաև հունվարի 7-ին. «Հունվարի 7-ին դուռը չեն բացել, նույնը կրկնվել է նաև հունվարի ութին: Կանչել են փրկարարներին, ովքեր էլ հայտնաբերել են դիերը»:
