Ցուցադրվել է Երկրի և Լուսնի պատկերը Մարսի ուղեծրից (լուսանկար)
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ցուցադրել է Երկիր մոլորակի և Լուսնի պատկերները, որոնք արվել են Մարսի շուրջ պտտվող արհեստական սարքի միջոցով:
Գործակալության կայքի հաղորդմամբ` լուսանկարում մասնավորապես երևում են Ավստրալիան և այն շրջապատող օվկիանոսները: Լուսինը, սկզբում ստացված պատկերների համեմատ, արհեստականորեն ավելի վառ է դարձվել: Երկնային մարմինների միջև հեռավորությունների մասշտաբները, ինչպես նաև` դրանց հարաբերական չափերը պահպանվել են:
Ընդ որում՝ լուսանկարում արբանյակը, թվում է, շատ ավելի մոտ է գտնվում մոլորակին, ինչը պայմանավորված է նկարահանման պահից, երբ Երկիրը գտնվել է Լուսնի և Մարսի արանքում` երևակայական ուղիղ գծի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատկերը մոնտաժվել է մի քանի լուսանկարից, որոնք ստացվել են 2016 թվականի նոյեմբերի 20-ին`MRO (Mars Reconnaissance Orbiter) արբանյակի HiRISE (High Resolution Imaging Science Experiment) կոչվող գիտական սարքի միջոցով: Այդ ժամանակ Մարսի և Երկրի միջև հեռավորությունը կազմել է 205 միլիոն կիլոմետր:
Նշվում է, որ լուսանկարներն արվել են HiRISE սարքը չափագրելու նպատակով:
