Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Ազատ Քուրդիստանի բազեները»
Ստամբուլում այս գիշեր տեղի ունեցած և տասնյակ մարդկանց կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ազատ Քուրդիստանի բազեներ» խմբավորումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այսօր ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրամանագիր էր ստորագրել ահաբեկչության զոհերի հիշատակին երկրում սուգ հայտարարելու մասին: Մեկ օրվա ընթացքում երկրի տարածքում բոլոր դրոշները իջեցված կլինեն:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասի Վոդաֆոն ֆուտբոլային մարզդաշտի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի: Հայտնի է, որ մահացածներից 30-ը ոստիկաններ են, 8-ը` խաղաղ բնակիչներ:
Ահաբեկչական գործողության թիրախում ոստիկանական ավտոբուսն էր հայտնվել: Նախ պայթեցվել է մեքենայում տեղադրված ռումբը, որից 45 վայրկյան անց մահապարտ ահաբեկիչն է իրեն պայթեցրել:
Ահաբեկչության գործով 10 մարդ է ձերբակալվել: