Բոլոր կապուտաչյա մարդիկ մեկ ընդհանուր գաղտնիք ունեն. գիտնականների զարմանահրաշ բացահայտումը
Բոլորովին վերջերս գիտնականները զարմանահրաշ բացահայտում են կատարել, որի համաձայն` բոլոր կապուտաչյա մարդիկ սերում են մեկ նախամարդուց, ով բնակվել է Եվրոպայի տարածքում 6000-10 000 տարի առաջ: Առաջին անգամ հենց նրա մոտ է ի հայտ եկել արտասովոր մուտացիան, որի արդյունքում աչքի ծիածանաթաղանթը կապույտ երանգ է ստացել:
Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, երկրի վրա ապրող բոլոր մարդիկ սկզբնապես շագանակագույն աչքեր են ունեցել: Ժամանակի ընթացքում OCA2 գենի շնորհիվ մուգ գունանյութի քանակը տարբեր անհատների մոտ սկսել է տարբերվել, ինչն էլ հանգեցրել է շագանակագույնի այլ երանգների առաջացմանը:
Բոլորովին վերջերս գիտնականներն առանձին գեն են հայտնաբերել` HERC2-ը, որն էլ պատասխանատու է աչքերի կապույտ գույնի համար: Այն ազդեցություն է թողնում ОСА2 գենի վրա, որն էլ որոշում է մելանինի մուգ երանգի քանակությունը: Համարվում է, որ առաջին անգամ այդ երևույթը նկատվել է, երբ հնագույն մարդիկ Աֆրիկայից սկսել են տեղափոխվել Եվրոպա:
Գիտնականներին գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ կապույտ աչքերը սկզբնական շրջանում նկատվել են Իսպանիայի հյուսիսում ապրող հնագույն մարդկանց մոտ: