102-ամյա ավստրալացի գիտնականը համալսարանում աշխատելու իրավունք է ստացել
Ավստրալիայի Փերթ քաղաքի համալսարանի 102-ամյա պրոֆեսոր Դևիդ Գուդոլը իրավունք է ձեռք բերել շարունակելու իր աշխատանքը համալսարանում:
Ինչպես հաղորդում է ավստրալական ABC News հեռուստաալիքը, ռեկտորատը վերանայել է անվտանգության նկատառումներից ելնելով` գիտնականի աշխատասենյակի` բնակության վայրին մոտ տեղափոխելու մասին որոշումը:
Պրոֆեսորն այդ համալսարանում աշխատել է 20 տարի և մինչ օրս էլ համարվում է ամբիոնի աշխատակից, սակայն աշխատավարձ չի ստանում: Գուդոլը Ավստրալիայի ամենատարեց գիտնականն է, ով էկոլոգիայի ասպարեզում ավելի քան հարյուր աշխատության հեղինակ է, իսկ նրա կարիերան 70 տարվա պատմություն ունի:
Վերջերս պրոֆեսորի տեսողությունը վատթարացել է, և նա տնից աշխատելու անհրաժեշտության մասին ծանուցում է ստացել, ինչը վշտացրել է ավստրալացուն: Նա դիմել է ռեկտորատին, որից հետո նրա համար աշխատելու առավել հարմար վայր են ընտրել: