Երևանի շուկաներում նախատոնական եռուզեռ չկա. (տեսանյութ)
Շուկաներում միրգը, ընդեղենը ամանորին ընդառաջ թանկացել են։Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեցին Մալաթիայի գյուղմթերքի շուկայում գնումներ կատարողները։
«Մի շաբաթ առաջ հարմար գներ էին, էսօր լավ էլ թանկացել ա. մանդարինը առել եմ 300 դրամ, էսօր՝450, կանաչին 120 էր, էսօր՝ 150, նուռն առել եմ 500 դրամ, էսօր՝ 600-700 դրամ, առիթից օգտվել են՝ լավ էլ թանկացրել են»,- դժգոհեցին սպառողները։
Առևտրականներն իրենց հերթին Tert.am-ի հետ զրուցում դժգոհեցին, որ շուկաներում նախատոնական եռուզեռ չկա, իսկ գներն էլ թանկ չեն, տարբերություն կա, բայց դա ապրանքային տեսքի հաշվին է, տոնական սեղանին սիրում են «ճոխ» մրգեր դնել։
«Խոշոր մանդարինը 500 դրամ է, կիվին 800 դրամ է, նուռը 800 դրամ է, ապելսինը 500, ընդեղենը 2500-4000 հազար, բոլոր գներն էլ սակարկելի են»,- մանրամասնեցին առևտրականները։ Նրանց խոսքով՝ շուկայում տաղավարների թիվը կտրուկ նվազել է։
«Սպառողները երևի գումար չունեն, թե չէ թանկ չի, մարդ ա մնացել Հայաստանում, որ թանկ լինի, վերջում մենք ենք մնացել, մենք էլ լույսերը հանգցնինք ու թռնինք»,- դժգոհեց միրգ վաճառողներից մեկը։
Առևտրականների խոսքով՝ շուկայում առևտուր կլինի միայն այն ժամանակ, երբ խոշոր առևտրի կենտրոնների թիվը կկրճատվի և «գոնե մի օլիգարխ շուկայից կսկսի առևտուր կատարել»։