Եմենում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել
Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում մահապարատ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 41 զինվոր է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ մասին հայտնում է CNN-ը:
Արտակարգ ծառայությունների մեքենաները ժամանել են հարձակման վայր, ռազմական ուժերը փակել են հարակից փողոցները: Վիրավոր զինվորները տեղափոխվել են քաղաքում գտնվող չորս հիվանդանոցներ:
Մահապարտ ահաբեկիչը հարձակումն իրականացրել է Ալ Սոլբան ռազմաբազայում, երբ զինվորները շարք են կանգնել իրենց աշխատավարձերը ստանալու համար: Պաշտոնյաները հայտնել են լրատվամիջոցին, որ ահաբեկիչը կարողացել է մտնել բազա զինվորական հագուստի շնորհիվ:
Ադենը ՄԱԿ-ի կողմից ճանաչված Եմենի կառավարության դե ֆակտո մայրաքաղաքն է: Երկրի իրական մայրաքաղաքը՝ Սանան գտնվում է հուսիթ ապստամբների հսկողության տակ անցած տարվանից ի վեր: