Վանաձորում անհայտ անձը պայթեցնելու միջոցով վնասել է խանութի գույքը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու պայթեցնելու միջոցով Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու հանգամանքները։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ» խանութի ապակիները, մուտքի դռները և խանութում գտնվող իրերի մի մասը:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել մի շարք փորձաքննություններ, հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին:
ՔԿ-ից հայտնում են, որ քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրեն լրացուցիչ։