Կառավարությունը կարող է 500 հազ դրամանոց կոնյակ էլ գնել, եթե անհրաժեշտ է. Գ. Նուշիկյանը արարողակարգային ծախսերի գաղտնիացման մասին
Խորհրդարանն այսօր ընդունեց «Գնումների մասին» օրենքի նախագիծը, որով հանրապետության Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերն այսուհետ համարվելու են պետական գաղտնիք, գնումներն էլ կիրականացվեն փակ ընթացակարգով: Բացի դա, խորհրդարանը ընդունեց նաև «Ապօրինի հարստացումը քրեականացնող» օրինագիծը, որը սակայն վերաբերելու է բացառապես ապագայում ապօրինի հարստանալու փորձեր անող պաշտոնյաներին:
Այս առթիվ Tert.am-ը մի քանի հարց ուղղեց «Հանրապետական» խմբակցության գործարար-պատգամավոր Գարեգին Նուշիկյանին:
-Պարո՛ն Նուշիկյան, ապօրինի հարստացման քրեականացումը Ձեր ճանաչած պաշտոնյաներից ո՞ւմ կարող է սպառնալ: Մենք Հայաստանում ունե՞նք պաշտոնյաներ, որոնց կարող է սպառնալ այդ օրինագիծը:
-Դե, եթե չունենք էլ, կարող ենք ունենալ:
-Իսկ չե՞ք կարծում, որ անցյալում հարստացածներին էլ պիտի անդրադարձ լիներ, քանի որ հիմնականում, որքան հնարավոր էր պետության հաշվին հարստանալ, պաշտոնյաներն արդեն հարստացել են:
-Ի՞նչ եք առաջարկում: Վհուկների ո՞րս սկսենք: Հարստացել են, ժամանակին եղել է որոշակի խաղի կանոններ, բոլորն առաջնորդվել են էդ խաղի կանոններով: Հիմա խաղի կանոնները փոխվում է:
-Իսկ այս տեսքով օրենքի ընդունումը ձևականություն չէ՞: Տեսակետներ կան, որ անիմաստ էր այդ օրենքի ընդունումը, եթե այն չէր անդրադառնալու մեր շրջապատում բոլորին հայտնի պետական պաշտոնյաների վրա, որոնք մեծ հարստություն ունեն:
-Հա, բայց կյանքը շարունակվում է, ու մեզանով չի վերջանում ամեն ինչ: Շարունակական է ամեն ինչ: Շատ ճիշտ էր օրենքը ընդունելը:
-Պարո՛ն Նուշիկյան, իսկ կառավարության, ԱԺ-ի ու նախագահականի արարողակարգային ծախսերի գաղտնիությունն ինչպե՞ս եք գնահատում: Արդյոք ճի՞շտ է, որ ղեկավարությունը մեր՝ հարկատուներիս հաշվին կատարած ծախսերը թաքցնի:
-Նորմալ եմ վերաբերվում: Շեշտվեց, որ անվտանգության հետ կապված ծախսեր են եղել, ասենք՝ Նախագահի մեքենան որ տեխսպասարկման վայրում է սպասարկվելու, կամ, ասենք՝ պետական հյուրերը որ ռեստորանում են ընթրիք անելու: Իսկ գումարի ծախսը բյուջեի մեջ կլինի:
-Բայց մենք չենք իմանա մանրամասները, թե ինչպես են ծախսվում պետական գումարները: Օրինակ՝ կառավարությունը 200 հազ դրամանոց կոնյակ է գնում, Դուք նորմա՞լ եք համարում, որ հարկատուները չիմանան դրա մասին կամ պաշտոնյաների այլ ուռճացված ծախսերի մասին:
-Կառավարությունը կարող է 500 հազար դրամանոց կոնյակ էլ գնել, եթե դա վերաբերում է պետական ինչ-ինչ հարցերի: