Չինացի զինվորականները ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք են գրավել Հարավչինական ծովում
Չինացի զինվորականները Հարավչինական ծովում ամերիկյան նավատորմին պատկանող ստորջրյա անօդաչու սարք են գրավել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին:
CNN-ի տվյալներով` չինացիները նավակով մոտեցել են ստորջրյա սարքին և վերցրել են այն ամերիկացիների աչքի առաջ: Մոտակայքում գտնվել է ամերիկյան հետազոտական նավը: Սարքը վերցնելուց առաջ չինական նավը մի քանի օր շարունակ հետևել է ամերիկյան նավին:
Հետազոտական նավը, որից ջուրն էր իջեցվել անօդաչու սարքը, պատկանում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին, սակայն Հարավչինական ծովում այն օգտագործում է ծովային փոխադրումների հրամանատարությունը, որի անձնակազմը բաղկացած է քաղաքացիական անձանցից:
Ստորջրյա սարքն օգտագործվել է ծովի հատակի քարտեզը կազմելու համար: Սարքի արժեքը կազմում է շուրջ 150 000 դոլար: