Գումար աշխատելու համար Ադրբեջանից քաղաքական ապաստան են հայցում, այնինչ սա դավաճանություն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հայաստանի հակառակորդ Ադրբեջանից քաղաքական ապաստան հայցող ազգությամբ հայերը, նրանց հետ համագործակցողներն, ըստ էության, դավաճաններ են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են գտնել հայազգի մարդկանց, ովքեր կխաղան իրենց հետ այդ քարոզչական խաղը: Հասկանալի է, որ միշտ էլ կգտնվեն ոչ ադեկվատ պահվածքով անձնավորություններ, ովքեր գուցե գումարի համար կամ այլ պատճառներով համաձայնում են գնալ Ադրբեջան կամ խաղալ այլ վայրից: Սա հակամարտության դրսևորումներից մեկն է, որն իրականացվում է տեղեկատվական-քարոզչական դաշտում »,- նշեց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի ակտիվ աշխատանքը քարոզչական մակարդակում, ըստ էության, իրենց համար հաջող է, որովհետև նվազագույնը քննարկելի է նման հայերի վարքագիծը կամ գաղափարը հայկական իրականության մեջ:
Նման մարդիկ, ովքեր Ադրբեջանի հետ համագործակցում են կամ քաղաքական ապաստան հայցում, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, գումար աշխատելու նպատակ ունեն, որը հետագայում քողարկում են ամենատարբեր մեկնաբանություններով, թե դա արել են Հայաստանի իշխանություններին ապտակ հասցնելու կամ այլ գաղափարական արժեքի համար:
«Այնինչ, սա դավաճանություն է: Բոլոր նրանք, ովքեր փոփոխություններ են ցանկանում, մնում են Հայաստանում և փորձում են ինչ-որ մի բան փոխել, ոչ թե գնում են թշնամու թիկունք և այնտեղից փորձում արդարություն հաստատել»,- շեշտեց քաղաքագետը: