Ջերմուկ քաղաքին տրամադրված 10 մլն դոլարն ամբողջությամբ կուղղվի ենթակառուցվածքներին. Ջերմուկի քաղաքապետ
Ջերմուկ քաղաքին Ասիական զարգացման բանկի հատկացրած 50 մլն դոլարից տրամադրվելու է 10 մլն դրամ, որն ուղղվելու է ենթակառուցվածքներին:
Այս մասին դեկտեմբերի 12-ին Ջերմուկում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
«Հայտնի է, որ Կառավարության որոշմամբ Ջերմուկը հայտարարված է զբոսաշրջության և տուրիզմի կենտրոն, բայց այս պահին շեշտը դնում ենք հանրաճանաչ հանքային տաք ջրերի վրա: Ասիական զարգացման բանկի վարկավորման ծրագրից 10 մլն դոլար է տրամադրվելու Ջերմուկ քաղաքին, որն ամբողջությամբ ուղղվելու է մեր ենթակառուցվածքներին»,- ասաց քաղաքապետը:
Հարցին, թե ինչ աշխատանքներ են կատարվելու, Հովհաննիսյանն ասաց, որ հիմնովին փոխվելու է բնակֆոնդը, տանիքները, բակերն են բարեկարգվելու, ասֆալտապատում է արվելու, մայթերն են փոխվելու, հիմնովին վերանորոգվելու է 12 հա քաղաքային այգին, և այդ ծրագրերի իրականացմանը մասնակցելու է նաև ներդրողը:
Բացի դրանից՝ քաղաքապետն ասաց, որ բացվելու է Գնդեվանքի ճանապարհը, որովհետև զբոսաշրջիկները բողոքում են այդ ճանապարհից:
Քաղաքապետի խոսքով՝ Ջերմուկի հիմնական խնդիրը աշխատատեղերի պակասն է, ինչից երիտասարդները բողոքում են. «Այդ հարցը ևս բարձրացրել ենք խորհրդակցության ժամանակ և բոլոր աշխատանքները կսկսենք 2017»-ից: