Ֆրանսիայում որոնում են 1,6 մլն դոլար արժողությամբ 70 կիլոգրամ ոսկի հափշտակած գողերի խմբին
Ֆրանսիական ոստիկանությունը որոնում է չորս գողի, որոնք Լիոնից հարավ ընկած հատվածում ինկասացիայի մեքենայից հափշտակել են 70 կիլոգրամ ոսկի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանցագործներն արգելափակել են ֆուրգոնի ճանապարհն իրենց ավտոմեքենայի օգնությամբ, ինչից հետո հափշտակել են 1,6 միլիոն դոլար արժողությամբ ոսկին, իսկ աշխատակիցներին փակել են ֆուրգոնում:
Հեռանալով հանցագործության վայրից՝ հանցագործներն այրել են իրենց ավտոմեքենաներից մեկը: Հրդեհը տարածվել է՝ վնասելով մոտակայքում կայանված մեքենան:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հասցրել են ազատել աշխատակիցներին:
«Մենք ունենք միայն այրված մեքենաներ և հրդեհ, որտեղ քիչ էր մնում միկրոավտոբուս այրվեր: Բոլոր մեքենաներն այրվել են՝ ինչպես վկայությունները վերացնելու, այնպես էլ ճանապարհին խցանում ստեղծելու և հետապնդմանը խանգարելու նպատակով»,- հայտարարել է ոստիկան Օլիվյե Ռիգալը:
Դեպքը տեղի է ունեցել A6 ավտոճանապարհին, որը Փարիզը միացնում է Լիոնին:
Հանցագործների որոնման աշխատանքը շարունակվում է: