Արթուր Դավթյան. Ծուռ գործիքի վրա չենք կարող վարժություններ փորձել
2016 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը «armenpress»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց 2016 թվականի ձեռքբերումների մասին:
«Տարին շատ լավ անցավ, բոլորս էլ մեր առաջադրանքը կատարեցինք Աշխարհի Գավաթի խաղարկությանը և Եվրոպայի առաջնությունում, ճիշտ է, օլիմպիական խաղերում մի փոքր լավ չստացվեց, բայց մյուս տարի պետք է աշխատենք, որ այդ սխալները ուղղենք»:
Դավթյանը խոսեց նաև Գերմանիայից Հայաստան զուգափայտի ձողեր բերելու մասին, ինչը պակասում էր այն դահլիճում, որտեղ նա մարզվում է:
«Դա միայն իմ համար չէ, մեր դահլիճի համար է, որովհետև միայն ես չեմ պարապում: Կան փոքր երեխաներ, որոնք մեծանում են և նոր վարժություն են ուզում կատարել, բայց չի ստացվում ուղղակի: Ես էլ չէի կարողանում դրա վրա: Գերմանիայում, երբ մասնակցում էի Բունդեսլիգային այնտեղ և «փոս» կար, և լավ ձողեր, ես այնտեղ վարժություններ էի փորձում, որովհետև մեզ մոտ դահլիճում հավասար չեն ձողերը:
Մենք այստեղ մարզվում ենք և գնում ենք Եվրոպայի առաջնության կամ աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցելու՝ անհարման է լինում այնտեղի մարզագույքը, որովհետև մենք արդեն սովոր ենք ծուռ գործիքին, բայց այդ ծուռ գործիքի վրա չենք կարող վարժություններ փորձել: Զուգափայտի ձողը երեք հարյուր դոլար արժեր», - նշեց Լոնդոնի և Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակիցը: