Հաագան պահանջում է Ուկրաինա-ԵՄ համաձայնագրից հանել ռազմական և ֆինանսական օգնության բաղադրիչը
Հաագան պահանջում է, որ Ուկրաինա-ԵՄ ասոցացման մասին համաձայնագրից հանվի Կիևին ռազմական և ֆինանսական օգնության բաղադրիչը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հաագայի կողմից պատրաստված Ուկրաինայի հարցով դեկտեմբերի 15-16-ին Եվրամիության վեհաժողովի բանաձևի նախագիծը, որը թույլ կտա Նիդերլանդներին վավերացնել ասոցացման մասին համաձայնագիրը:
«Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ցանկանում է, որ ԵՄ առաջնորդները հինգշաբթի հայտարարեն, որ Ուկրաինայի հետ ավելի սերտ կապերի մասին նոր համաձայնագիրը չպետք է ներառի նոր ֆինանսական պարտավորություններ կամ անվտանգության ոլորտում պարտավորություններ»,- նշում է գործակալությունը:
Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագրի վավերացման մասին հանրաքվեին Նիդերլանդներում ապրիլի 6-ին ընտրողների ավելի քան 60 տոկոսը փաստաթղթի վավերացման դեմ է հանդես եկել: Չնայած հանրաքվեն խորհրդատվական բնույթ է կրում, այժմ հոլանդական կառավարությունը ճանապարհներ է փնտրում ասոցացման մասին համաձայնագրի պայմանները փոխելու համար, որոնք թույլ կտային վավերացնալ այն՝ հաշվի առնելով հանրաքվեի արդյունքները: Հաագան պետք է ներկայացնի իր առաջարկները դեկտեմբերի 15-16-ին կայանալիք ԵՄ վեհաժողովին: