Բարձր անցողականությամբ և տարողունակությամբ անձնական մեքենաներին է տրվում ՊՆ պետհամարանիշ. Կամո Քոչունց
ԱԺ-ում «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Հանրային խորհրդի անդամ Կառլոս Ղազարյանը մինչ հարցին անդրադառնալը հայտարարեց, թե մինչև երբ պետք է պահեստազորի ջոկատները գործեն, երբ ունենք բանակ, պետություն:
«Մենք արդեն պետություն ունենք, մինչև ե՞րբ պետք է այս ջոկատները գործեն: Տղե՛րք, վեր կացեք, գնացեք»,-ասաց նա:
Այնուհետև նա հարցրեց, թե ո՞ր մեքենաները կարող են հաշվառվել, արդյոք «Մերսեդեսն» ու «Ժիգուլի՞ն» էլ կարող են գրանցել որպես զինվորական:
«Ո՞ր մեքենաներին կարող է հատկացվել ՊՆ համարանիշ, «Ժիգուլի»-ին, «Մերսեդես»-ին, որի՞ն»,- հարցրեց Ղազարյանը:
ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը պատասխանեց, որ ապրիլյան գործողությունների ժամանակ պահեստազորայինները մեծ ընդգրկվածություն են ունեցել, բայց ոչ մասնակցություն: «Ի՞նչ է, մենք չպե՞տք է դրան աջակցություն ցուցաբերենք և ուղղություն տանք»,- պատասխանեց Քոչունցը:
Ինչ վերաբերում է անձնական մեքենաների գրանցմանը, ապա գեներալ-մայորը նշեց, թե դրանք վերաբերում է բարձր անցողականությամբ և տարողունակությամբ մեքենաներին:
«Դա փոքր մարդատար մեքենաներին չի վերաբերում»,-ասաց նա: