Մալայզիայի լեռներում կորած տասնյակ զբոսաշրջիկները հայտնաբերվել են
Մալայզիայի լեռներում կորած 30 զբոսաշրջիկներն անվտանգ վերադարձել են ճամբար, հայտնում է Malay Mail Online-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալայզիայի ամենամեծ՝ Սարավաք նահանգի տարածքում գտնվող Բրիք լեռը բարձրանալիս 33 զբոսաշրջիկ է կորել: Ինչպես պարզվել է, ճանապարհորդների խումբը բաղկացած է եղել ոչ թե 33, այլ 30 անդամից:
Ճանապարհորդների խումբն արշավախմբով Բաու քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռ է ուղևորվել դեկտեմբերի 10-ին: Հաջորդ օրը նրանք պետք է վերադառնային ճամբար, սակայն դա տեղի չի ունեցել:
Միջադեպի մասին ահազանգը ոստիկանությունը ստացել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան: Դրանից հետո փրկարարների թիմը սկսել է անհետացած ճանապարհորդների որոնումները:
Զբոսաշրջիկների քաղաքացիությունը չի նշվում: