Ընտրություններում հաղթելը մեկ նպատակ է հետապնդում՝ հաստատել ժողովրդի հաղթանակը. Արայիկ Խանդոյանի հայտարարությունը
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի թեկնածու,«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել,որը Tert.am-ին փոխանցեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Հայտարարությունում ասվում է. «Արայիկ Խանդոյանը երբևէ որևէ աթոռի համար չի պայքարել։ Արայիկ Խանդոյանին տված վստահության քվեն չի փոխանցվելու կամ ժառանգվելու։ Այդ քվեն պետք է բացառապես ծառայի ժողովրդին։ Ընտրություններում հաղթելը մեկ նպատակ է հետապնդում՝ հաստատել ժողովրդի անվերապահ հաղթանակը։ Ցանկացած միջամտություն՝ ճնշում, ընտրակաշառք և այլն, որակվելու է որպես բռնություն ժողովրդի Հաղթանակի և ազատ կամարտահայտության դեմ։ Որոշումը ժողովրդինն է։ Մենք ընտրում ենք ազատությունը։ Ոչ ստրկությանը»։
Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը:
Օգոստոսի 25-ին Վերաքննիչ դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի` կալանքի վերացման վերաբերյալ վերաքննիչ բողոքը և Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արայիկ Խանդոյանը գտնվում է երկամսյա կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Ծաղկահովիտ համայնքում համայնքապետի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին, իսկ քանի դեռ Արայիկ Խանդոյանի նկատմամբ չկա ուժի մեջ մտած դատական ակտ, նա կարող է ընտրվել և ընտրել: