Վարդևան Գրիգորյանի վշտի վրա քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելը շատ վատ բան է. Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)
Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկախ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում պնդում է, որ Գյումրիում նախընտրական լարվածություն չկա` կապված ԲՀԿ թենկածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվան հետ: «Թիմերի միջև ես չեմ նկատել մինչև օրս լարվածություն: Որ ասեմ լարվածություն կա, չկա նման լարվածություն, նորմալ ընթացքի մեջ է»,-ասաց Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ Վարդևան Գրիգորյանի տղաները խոստացել են վրեժխնդիր լինել, գյումրեցի պատգամավորն ասաց. «Նմանատիպ բան, որքան տեղյակ եմ, չկա, դա լրատվության տարածած ինֆորմացիան է, որոնք իրականության հետ, իմ կարծիքով, կապ չունեն: Էսօր էդ վիշտը քաղաքականության հետ կապելը ու փորձել դրա վրա դիվիդենտներ ձեռք բերել, իմ կարծիքով, շատ վատ բան է: Չմոռանանք, որ գործ ունենք Գյումրիի հետ: Պետք չի էդ վիշտը էսօր փորձել քաղաքականացնել: Ավելի շատ մենք ցավացնում ենք էդ ընտանիքին, քան փորձում ենք ինչ-ինչ քայլերով քաղաքական նպատակներին էդ ամենը ծառայեցնել»:
Հստակեցրեցինք, թե դա վերաբերում է ԲՀԿ նախագահի ու ԲՀԿ-ականների հայտարարությունների՞ն, ինչին ի պատասխան գյումրեցի պատգամավորն ասաց. «Ես ոչ մեկին նկատի չունեմ, ես նկատի ունեմ բոլորին, նայած թե որ կողմից է էդ հարցը շրջանառվում: Ես ընդհանուր եմ ասում, որ շատ սխալ է էդ հարցը քննարկել, շրջանառության մեջ դնել»:
Մարտուն Գրիգորյանը անլրջություն է համարում նաև վենդետայի մասին խոսակցությունները: «Ինչ կապ ունի էստեղ վենդետան, եթե մարդու ընտանիքի մեջ փորձանք է եկել ու հենց իր առանձնատան նկուղում է եղել էդ դեպքը: Վենդետայի մասին խոսելն անլրջություն է»,-ասաց գյումրեցի պատգամավորը:
Մանրամասները դիտեք տեսանյութում: