Ադրբեջանում անցկացվող հանրաքվեի ընթացքում խախտումների մասին տվյալներ են ստացվել (տեսանյութ)
Ադրբեջանում այսօր անցկացվող սահմանադրական հանրաքվեի ընթացքում տվյալներ են ստացվում խախտումների մասին: Այդպես՝ դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկներ են բաժանել 8-10-րդ դասարանների աշակերտներին, որոնք դեռ չեն հասել քվեարկության տարիքի: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով ընտրող Քամրան Հասիմովին:
«Առավոտյան ժամը 9-ին քվեատուփերը լցված են եղել քվեաթերթիկներով: Ինձ նույնպես ցանկանում էին մի քանի քվեաթերթիկ տալ»,- ասել է Հասիմովը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի ղեկավար Սևինջ Ռուֆուլաևան հերքել է օրենքի խախտումների մասին տեղեկությունը: Նրա խոսքով՝ եղել է ընդամենը մի երիտասարդ, որը ցանկանում էր «աղմկել», նա վիրավորել է ուսուցիչներին և հեռացել:
Առողջապահության նախարարության համակարգից մի բժիշկ էլ պատմել է Turan-ի թղթակցին, որ չնայած ապրում է մեկ այլ թաղամասում՝ ղեկավարությունը նրան հրահանգել է գնալ և քվեարկել մայրաքաղաքի մեկ այլ թաղամասում, ընդ որում՝ հրաժարվելու դեպքում սպառնալով նրան հեռացնել աշխատանքից:
Նմանատիպ իրավիճակում են նաև բյուջետային կազմակերպությունների այլ աշխատակիցներ և պետծառայողներ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանում մեկնարկել է Սահմանադրությունում մի շարք փոփոխությունների իրականացման հարցով հանրաքվեն, որի դրական ելքի դեպքում Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից կհասցվի 7 տարվա: Հավանական փոփոխությունների թվում են նաև փոխնախագահների պաշտոնների սահմանումը, ինչպես նաև երկրի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների տարիքային սահմանափակումների չեղարկումը:
Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունների անցկացման վերաբերյալ նախագիծը: