Հայտնի են Սան Սեբաստիանի կինոփառատոնի դափնեկիրները
Բասկերի երկրում անցկացվող Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի 64-րդ մրցանակաբաշխության ժամանակ չինացի ռեժիսոր Ֆեն Սյաոգանի «Ես մադամ Բովարին չեմ» ֆիլմն արժանացել է «Ոսկե խեցի» գլխավոր մրցանակին, հաղորդում է Variety-ն:
Նշվում է, որ «Արծաթե խեցի» մրցանակին արժանացել է «Ես մադամ Բովարին չեմ» ֆիլմում նկարահանված չինացի դերասանուհի Ֆան Բինբինը:
Կայքը գրում է, որ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթել է իսպանացի դերասան Էդուարդ Ֆերնանդեսը, ով «Հազար դեմքերով տղամարդը» ֆիլմում խաղացել է Ֆրանսիսկո Պաեսայի դերը:
Հարավկորեացի Խոն Սան Սուն ճանաչվել է լավագույն ռեժիսոր իր «Դու և քո» ֆիլմի համար: Ժյուրիի հատուկ մրցանակը կիսել են «Ձմեռ» և «Հսկա» ֆիլմերը:
Նշենք, որ Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնը կարևորությամբ համարվում է Կաննից, Բեռլինից և Վենետիկից հետո չորրորդը Եվրոպայում: