Ասեկոսեների վրա հիմնված լրագրությունը «ահաբեկչության» տեսակ է. Ֆրանցիսկոս պապ
Բամբասանքների և ասեկոսեների վրա հիմնված լրագրությունը «ահաբեկչության» մի տեսակ է, և լրատվամիջոցները, որոնք կարծրատիպեր են ստեղծում մի ամբողջ ժողովրդի շրջանում կամ վախ սերմանում ներգաղթյալների հանդեպ, կործանարար գործ են կատարում: Ինչպես հաղորդում է Reuters-ը` նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Իր մտորումները Ֆրանցիսկոս պապը ներկայացրել է Իտալիայի լրագրողների ազգային գիլդիայի ղեկավարներին ուղղված ելույթում: Նա շեշտել է, որ լրագրողները պետք է լրացուցիչ ուղի անցնեն ճշմարտությունը որոնելու համար, հատկապես այնպիսի մի դարաշրջանում, երբ շուրջօրյա լրատվություն է ապահովվում:
«Ասեկոսեներ տարածելը ահաբեկչության օրինակ է, թե ինչպես կարող ես լեզվով մարդ սպանել: Սա ավելի շատ վերաբերում է լրագրողներին, քանի որ նրանց ձայնը կարող է հասնել յուրաքանչյուրի, և սա շատ հզոր զենք է», - ասել է Հռոմի պապը:
Աղբյուրի հաղորդմամբ` Իտալիայում մի շարք թերթեր բավականին քաղաքականացված են և հաճախ գործիք են դառնում այլ քաղաքական տեսակետ ունեցող գործիչներին վարկաբեկելու համար` անհիմն լուրեր տարածելով նրանց անձնական կյանքի վերաբերյալ: