Մինչև մյուս շաբաթվա վերջ կունենանք նոր կառավարություն. Շարմազանով
Մինչև մյուս շաբաթվա վերջ կունենանք այլևս նոր կառավարություն: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով նորանշանակ նախարարների մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նոր նախարարների հաջողած աշխատանքը կնշանակի մեկ բան, որ Հայաստանն էլ հաջողել է:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը «գողության մասին», ապա Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ինքը չպետք է մեկնաբանի վարչապետի յուրաքանչյուր հայտարարություն:
Միաժամանակ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թերություններ կան, ավելին՝ աղմկահարույց դեպքեր էլ եղել են:
«Մեր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարությունը: Մենք՝ ՀՀԿ-ականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք՝ և՛ թերությունների, և՛ ձեռքբերումների համար: Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որ վարչապետ Կարապետյանը հաջողի, նրա կաբինետն ամբողջապես լուծի այն հիմնախնդիրները, որի համար նշանակվել են այդ բարձր պաշտոնին»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը;
Լրագրողների հարցին՝ գործող իշխանությունը ունա՞կ է գողանալու, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Թող քար նետի առաջինը նա, ով մեղք չի գործել»:
Խորհրդարանի փոխնախագահը հավաստիացրեց, որ ինքը բոլոր աննորմալ երևույթներին վատ է վերաբերում: «Գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չունեն: Մարդ կամ լինում է պարկեշտ կամ չի լինում պարկեշտ: Դատավորը վերևն է, դատախազի ֆունկցիա ինձ վրա վերցնել չեմ կարող, ավելին՝ ինձ վրա դատավորի զգեստ չկա: Յուրաքանչյուրը, ինձանից սկսած, մեր աչքի գերանը տեսնենք ու գնանք առաջ»,- շեշտեց Է. Շարմազանովը: